Նախարարի այցը Քաշաթաղի շրջան 27.07.2018թ.

  Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը աշխատանքային խմբի հետ հուլիսի 27-ին այցելել է Քաշաթաղի շրջան։ Այցի շրջանակներում եղել են` Վուրգավանի, Ուրեկանի, Այգեհովիտի բուժակ մանկաբարձական կետերում, Իշխանաձորի գյուղական բժշկական ամբուլատորիայում, Կովսականի տեղամասային հիվանդանոցում, ինչպես նաև Քաշաթաղի շրջանային բուժմիավորումում, Համաճարակաբանության և հիգիենայի բաժնում: Նախարարը այցելել է նաև կառուցման փուլում գտնվող հիվանդանոցի նոր շենք և ծանոթացել շինարարական աշխատանքների ընթացքին:
    Նախարար Բաղրյանը ծանոթացել է բուժհաստատությունների շենքային պայմաններին, սարքավորումների հագեցվածությանը, դեղորայքի ապահովվածությանը:
    Քաշաթաղի շրջանային բուժմիավորման այցի շրջանակներում նախարարի գլխավորած խումբը ծանոթացել է բաժանմունքների գործունեությանը, շտապ օգնության կանչերի իրականացմանը, այցելել հիվանդասենյակներ, խոսել հիվանդների հետ, ինչպես նաև հանդիպել բուժանձնակազմի հետ: Քննարկվել են առկա խնդիրները՝ ուղղված կադրային ապահովվածության, մասնագետների վերապատրաստման, սարքավորումներով համալրման, աշխատավարձերի բարձրացմանը և այլ ներքին գործառույթների:
    Նախարարը գոհունակության խոսք ուղղեց բուժանձնակազմին, այնուհետև լսեց ներկաներին և բարձրացված բոլոր հարցերին տվեց պարզաբանումներ, հավաստիացնելով որ շրջանային բուժմիավորումները մշտապես կլինեն նախարարության ուշադրության կենտրոնում:
    Քաշաթաղի շրջանային բուժմիավորումը սպասարկում է 12 000 բնակչի, ունի 3 գյուղական բժշկական ամբուլատորիաներ, 49 բուժակ մանկաբարձական կետեր և 1 տեղա-մասային հիվանդանոց: